Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Էջմիածին 13» դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում Մայր Աթոռի, Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի և «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով հիմնադրված «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը:
Դիսպանսերը, որ գործում է «Բարձունք 5165» ֆրանսահայ կազմակերպության (Մարսել) հովանավորությամբ, անվճար սպասարկում է Էջմիածին քաղաքի և շրջակայքի բնակչությանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը, «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանը և այլ հրավիրյալներ:
Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, դպրոցականների կողմից կատարվեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը:
Ապա բացման խոսքով հանդես եկավ «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը` ներկայացնելով դիսպանսերի հիմնադրման պատմությունը և 10-ամյա գործունեությունը:
Այս առիթով իր ուրախությունն արտահայտեց նաև Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահը` կարևորելով այն արդյունաշատ աշխատանքը, որ համատեղ ջանքերով իրականացվել է, ինչը որակեց իբրև միջազգային ու միջպետական համագործակցության անհերքելի գրավական: Մասնավոր կերպով ընդգծելով Հայ Եկեղեցու հանձնառությունն այս ծրագրում` նա ընդգծեց, որ առանց Հայ Եկեղեցու և Ամենայն Հյաոց Կաթողիկոսի հովանավորության ծրագիրը գոյություն չէր ունենա և չէին արձանագրվի այսքան մեծ հաջողություններ:
10-ամյա հոբելյանի կապակցությամբ ելույթ ունեցավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վերջինս առանձնացրեց դիսպանսերի կողմից դպրոցականներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին ու սոցիալապես խոցելի խավին բերած վիթխարի օգտակարությունը և զորակցությունը:
Արարողությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և հայրապետական պատգամով: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ դա յուրօրինակ գնահատականն է «Բարձունք 5165» բարեգործական կազմակաերպության «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի 10-ամյա գործունեության:
Ի նշանավորումն Վաղարշապատի և Մարսելի միջև հաստատված բարեկամության` Մայր Աթոռի հովանու ներքո բացված ատամնաբուժական կենտրոնի 100-ամյա գործունեության առիթով Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի անդամներին և «Բարձունք 5165»-ի նախագահին` իրենց հանձնառության և կազմակերպության հովանավորությունը շարունակելու պատրաստակամության համար: Նորին Սրբությունը մասնավորապես հավելեց. «Յուրաքանչյուր անձ, որ մոտք է գործում այս հաստատությունից ներս, հաղորդ է դառնում այն ջերմ բարեկամության պատմությանը, որ դարեր շարունակ ձևավորվել է մեր երկու ժողովուրդների և երկրների միջև: Հատկապես Հայաստանի անկախացումից հետո մեր ժողովուրդն առավել չափով զգացել է Ֆրանսիայի իշխանությունների և ժողովրդի ցուցաբերած զորակցությունը մեր Հայրենիքին, ի մասնավորի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և նաև Հայոց Ցեղասպանության դատապարտման գործում, որպեսզի նման ողբերգություններ երբեք և ոչ մի ժողովրդի կյանքում տեղ չգտնեն:
Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսպիսի գեղեցիկ համագործակցություն է առկա մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով, որ Տերն արգասավորի այդ բարեկամությունն ու համագործակցությունը, նաև իր գնահատանքը բերեց հաստատության աշխատակիցներին իրենց նվիրյալ ծառայության համար:
Վերջում տեղի ունեցավ շրջայց ֆրանսիական դիսպանսերում, ցուցադրվեց 10-ամյա գործունեությանը նվիրված ֆիլմ: