Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սիրիայի Արաբական Հանրապետություն

Նոյեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի եւ հայ համայնքի հրավերով եռօրյա պաշտոնական եւ հովվապետական այցով մեկնեց Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, գավազանակիր Տ. Հովնան աբեղա Հակոբյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը եւ տիար Լեւոն Սարգսյանը:

Այցի ընթացքին Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի, ՍԱՀ գլխավոր մուֆտի Ահմադ-Բադր-Ալ-դին-Հասունի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ ՍԱՀ վարչապետի, Ազգային Ժողովի նախահագի, կրոնից նախարարի հետ: Նորին Սրբությունը կայցելի ազգային տարբեր կրթական հաստատություններ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմատուցի Հայրապետական Ս. Պատարագ:

Այս օրերին Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա նաեւ Ասորի Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Զաքքա Ա Իվասի, Անտիոքի Հույն պատրիարք Իգնատիոս Դ Հազիմի, Ասորի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիոս Գ Լահամի հետ: