Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությանը
Հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությանը, որին մասնակցեց եւ Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Համաժողովին մասնակցում են 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ:
Մինչ բացման արարողությունը համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում իր աշխատանքը սկսեց 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը: Համաժողովի բացմանը ողջույնի եւ օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Հայրապետը:
Ստորեւ ներկայացված է Նորին Սրբության խոսքն ամբողջությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
17-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ
(Երեւան, 28 հունիս, 2010 թ.)
Հարգելի խորհրդարանականներ,
Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Հայոց հինավուրց հողում, քրիստոնական առաջին երկրում, որը Տիրոջ խաչի առջեւ խոնարհվել է դեռեւս 301 թ.: Սա միայն հյուրընկալության ուրախություն չէ, այլեւ` ուրախությունն այն գիտակցումի, որ տեղի է ունենում հանդիպում ի Քրիստոս եղբայրների եւ արդիական շատ հարցերում համախոհների: Մենք հավատում ենք, որ այս հանդիպումը որպես շարունակություն Աթենքում, Սոֆիայում, Երուսաղեմում եւ Պատմոս կղզում կայացած նման ժողովների եւս օգտակարություն կունենա ներկա աշխարհի համար վճռորոշ հարցերի պատասխանների փնտրման ճանապարհին:
Պետական գործիչների` մասնավորաբար օրենսդիրների համար արդիական կարեւորագույն խնդիրներից մեկն առնչվում է աշխարհիկ պետության գաղափարի հետ: Այսօր եկեղեցու պետությունից տարանջատվածության հասկացությունը հաճախ ընկալվում է երկու հաստատությունների` միմյանց բացառման սկզբունքով, ինչը հանգեցնում է կրոնական հաստատություններից պետական կառույցների եւ որ ավելի ցավալի է, պետական գործիչների օտարացմանը: Ավելին, իշխանության մարմինների, ինչպես եւ իշխանությունը կրող անձանց մեջ հիշյալ միտումը հանգեցնում է հոգեւոր կրոնական հարցերի նկատմամբ անտարբերության ձեւավորմանը: Հարցերի, որոնք ծագում են ամեն քայլափոխի վրա եւ այսպես, թե այնպես գտնվում են հետնախորքում այն խնդիրների, որոնք պետությունը փորձում է լուծել: Մենք համոզված ենք, որ անհնար է աշխարհիկ հարցերի լիարժեք վճռումը, երբ պետությունն ու նրա ծառայողները բաժանված են այն կրոնական հիմքից, որը ձեւավորել է հոգեւոր աշխարհը եւ նկարագիրը ժողովրդի, ում կյանքի ուղին նրանք կոչված են որոշելու եւ ում ձգտումները նրանք պետք է իրագործեն: Այդ պատճառով Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ Համաժողովը միավորել է այն քաղաքական գործիչներին, ովքեր անտարբեր չեն կենսական այդ խնդիրների հանդեպ ոչ միայն պետության համար ավանդական եղող քաղաքական, տնտեսական, ընկերային եւ այլ համարժեք ասպարեզներում, այլեւ` հոգեւոր ասպարեզում: Գնահատելի է, որ Համաժողովը միավորել է խորհրդարանականների, ովքեր մեկտեղում են քաղաքականությունը եւ հավատքը, օրենսդրական գործունեությունը եւ աստվածահաճո ջանքը` իրենց երկրների գերագույն օրենսդիր մարմիններում հոգեւոր աշխարհընկալման ներդրման եւ քրիստոնեական ավանդական արժեքների ամրապնդման:
Անգնահատելի է Համաժողովի գործունեությունը քրիստոնյա հնավանդ ժողովուրդների միավորման հարցում: Տարբեր երկրների խորհրդարանականների հաղորդակցումը Համաժողովի շրջանակներում, արդեն նախադրյալ է, գուցե եւ` նույնիսկ երաշխիք խաղաղության եւ եղբայրության համար այդ երկրների միջեւ, ուրեմն եւ` նշանակալի ներդրում ողջ մարդկության` վիթխարի հոգեւոր տարածության մեջ: Կարծում ենք նաեւ, որ այսպիսի հանդիպումներն ու փոխադարձ շփումները պիտի նպաստեն մեր ժողովուրդների միջեւ անհասկացողությունների եւ թյուրընկալումների հետեւանքով երբեմն առաջացող լարվածությունների ու տարաձայնությունների հաղթահարմանը: Այս առումով Մեր խոսքը վերաբերում է հայ- վրացական եկեղեցական փոխհարաբերություններին ի մասնավորի` Վրաստանի հայոց թեմին իրավաբանական պատշաճ կարգավիճակ տրամադրելու եւ հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրներին, ինչպես նաեւ հույն եւ հայ պատրիարքությունների միջեւ Երուսաղեմում պարբերաբար ծագող անհասկացողություններին, որոնք վստահ ենք, եւս հնարավոր պիտի լինի հարթել երկխոսության եւ փոխադարձ հասկացողության եղբայրական ոգով:
Հայ Առաքելական Եկեղեցուն մեծապես հուզող խնդիրներից է նաեւ քրիստոնեական ավանդական արժեքների հասարակական լայն շրջանակներում ներգրավվածությունը, այն է աշխարհում հոգեւոր գործոնի դերակատարության բարձրացումը, մշակույթում եւ ամենօրյա կյանքում քրիստոնեական ընկալումների ամրապնդումը, կրոնական մոլեռանդության հաղթահարումը, համաշխարհայնացման համահարթեցնող վտանգների դիմագրավումը: Մեզ հավասարապես հուզող խնդիրներից է նաեւ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը, որոնք տարբեր կերպով արտահայտված են Սերբիայի, Կիպրոսի եւ այլ հարցերում Համաժողովի պաշտոնական փաստաթղթերում: Հիշյալ դիրքորոշման հետ է կապված այն իրողությունը, որ 1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովը առաջինն էր, որ Աթենքի կոնֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը:
Անհնար է թերագնահատել Համաժողովի որոշումը` դուրս գալ Եվրոպայի աշխարհագրական սահմաններից եւ ներառնել իր կազմում Ասիայից, Ավստրալիայից, Աֆրիկայից պատգամավորություններ, որոնք մասնակցում են Համաժողովի աշխատանքներին 2001 թվականից: Այդ որոշումը թելադրված է գիտակցությամբ, որ Համաժողովի համար առաջնահերթ խնդիրները համամարդկային են, եւ որ դրանց լիարժեք վճռման համար անհրաժեշտ է ներառնել նաեւ այդ շրջանների քրիստոնեական եկեղեցիները, ինչպիսիք` Ասորական, Եթովպիական, Ղպտի, Մալանկարա Եկեղեցիները, որ միավորված են Հայ Առաքելական Եկեղեցու հետ Հին կամ Արեւելյան ուղղափառության ընտանիքում: Մեր նպատակների նույնության մասին վկայում է եւ այն, որ Մեր եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի կողմից այս տարվա մարտին ստորագրված Համատեղ հռչակագրում հատկապես ընդգծված է կարեւորությունը քրիստոնեական հավատքի եւ նրա վրա հիմնված արժեքների տարածման, կարեւորությունը աշխարհի համար վճռորոշ միջքրիստոնեական եւ միջկրոնական հաղորդակցության զարգացման, անհրաժեշտությունը ջանքերի համատեղման` դիմակայելու քրիստոնեական ավանդական երկրներում կեղծ կրոնական շարժումների ներխուժմանը, կանխելու համար վնասաբեր եւ քայքայող գործողությունները տարբեր աղանդների:
Վերստին արտահայտելով Մեր ուրախությունը այսօրվա հանդիպման առիթով, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համաժողովի անդամներիդ, մաղթելով, որ Աստված աջակից լինի ձեզ` պսակելու ձեր աշխատանքները նոր ձեռքբերումներով եւ առաջընթացով: Մեր աղոթքներն ենք առաքում առ Բարձրյալը հայցով` հուշելու ուղիներ եւ առաջնորդելու այդ աշխատանքներն Իրեն հաճելի, ուրեմն եւ` միակ ճշմարիտ ուղղությամբ: