Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտ տվեց Գերմանիայի դեսպանին
Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ:
Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և դեսպանատան միջև ձևավորված սերտ կապերին, ինչպես նաև կարևորեց դեսպանի` հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Խոսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ շարունակվող քննարկումները դրական հանգուցալուծում կունենան: Գարեգին Բ Վեհափառն ընդգծեց, որ Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրինակ կծառայի այլ պետությունների և ժողովուրդների համար` նպաստելով նաև մարդկային կյանքում նման ողբերգությունների կանխարգելմանը:
Իր հերթին դեսպան Մորելը շնորհակալություն հայտնեց Հայոց Հովվապետին ջերմ վերաբերմունքի և համագործակցության համար: