Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց հայկական դպրոցի սաների հետ
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի շրջանի «Մանուկյան-Դեմիրճյան», «ՀԲԸՄ Պասադինա», «Արշակ Տիգրանյան», «Ալֆրեդ եւ Մարգարիտա Հովսեփյան», «Ալեք Փիլիպոս», «Մեսրոպյան», «Շամլյան», «Մետինյան» եւ «սբ. Սահակ ու սբ. Մեսրոպ» հայկական դպրոցների սաների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ինչպես նաեւ Արեւմտյան թեմի եկեղեցականները:
Քալաջյան սրահում հավաքված աշակերտները բուռն ծափահարություններով դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սաները նախապես հարցեր էին պատրաստել, որ պետք է ուղղեին Վեհափառ Հայրապետին: Ամենայն Հայոց Հայրապետը խորապես ազդված էր միջոցառման հարց ու պատասխան հատվածից` սիրով եւ անկեղծ պատասխանելով զանազան հարցերի:
Հանդիպման սկզբում միջոցառման պատասխանատու, Արեւմտյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Տաճատ ծ. վրդ Յարտըմյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուսանողներին եւ նշեց, թե ինչպիսի եռանդով ու սիրով են սաները սերտում իրենց մայրենի լեզուն եւ յուրացնում իրենց քրիստոնեական հավատն ու նախնյաց ժառանգությունը:
«Ալեք Փիլիպոս» դպրոցի աշակերտներ Մելինե Համբարձումյանը եւ Լուսինե Գալստյանը կատարեցին ԱՄՆ-ի եւ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Ապա Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալության խորին զգացումով ողջունեց Վեհափառին` ընդգծելով, որ Հայոց Հայրապետի այցը մեծ կարեւորություն ունի: Հովնան Սրբազանը հույս հայտնեց, որ Արեւմտյան թեմի անդամները կարդարացնեն Նորին Սրբության ակնկալիքները` կապված մեր հավատի եւ թեմի, Եկեղեցու եւ համայնքի հանդեպ ունեցած նվիրվածությանը: Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է, որ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է դպրոցի սաների հետ, ապա հրավիրեց Նորին Սրբությանը` իր պատգամը փոխանցելու սաներին:
Ողջունելով ներկաներին` Նորին Սրբությունն իր օրհնությունը ու շնորհավորանքը բերեց ամենքին Արեւմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Այնուհետեւ նա անդրադարձավ երիտասարդությանը եւ նրանց պատշաճ դաստիարակությանը` նշելով, որ այս հարցում ծնողները մեծ պատասխանատվություն են կրում: Հայրապետը նաեւ հավելեց, որ Արեւմտյան թեմի եկեղեցականները Հովնան Սրբազանի արդյունաշատ եւ օրինակելի առաջնորդության ներքո իրենց կարեւոր կառուցողական դերակատարությունն են ունեցել համայնքի կյանքում, սակայն հարկ է անել ավելին` համայնքի երիտասարդների պայծառ ապագան ապահովելու համար, ովքեր, իբրեւ ԱՄՆ օրինավոր քաղաքացիներ, իրենց օգտակարությունը կբերեն եւ' Սփյուռքին, եւ' Հայրենիքին, եւ' Լեռնային Ղարաբաղին եւ' Սուրբ Էջմիածնին: Միջոցառումն ավարտվեց Նորին Սրբության "Պահպանիչ" աղոթքով: ԱՄՆ Արեւմտյան թեմի 80-ամյակի կապակցությամբ բոլոր մասնակիցները ստացան աղոթագրքեր: