Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Ապրիլի 26-ին, Բաքվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանը ներկա էին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Մեկ ժամ տեւած հանդիպմանը անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում խոսվեց Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովի մասին եւ կարեւորվեց կրոնների եւ մշակույթների երկխոսությունը` ի խնդիր ժողովուրդների համար ավելի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի կերտման: Այնուհետեւ անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին: Այս առումով կողմերը ողջունեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, դրանցում կարեւոր նկատելով կրոնապետերի եւ հոգեւոր սպասավորների դերը: Մեծ նշանակություն տրվեց երկու ժողովուրդների փոխայցելություններին եւ շփումներին, որոնք ավելի պիտի զորացնեն փոխվստահության եւ համագործակցության ոգին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որը ներկայիս գործածվում է իբրեւ գրապահոց: Նորին Սրբությունը ծանոթացավ 1990թ. հրդեհից վնասված եկեղեցու վիճակին եւ հույս հայտնեց, որ Աստծո ողորմությամբ եկեղեցին վերստին դռները կբացի հավատացյալների առջեւ` շարունակելով իր առաքելությունը: Ապա եկեղեցում տասնամյակներ անց հնչեց հայոց աղոթքն ու շարականը:

Երեկոյան, Ադրբեջանի նախագահի կողմից կրոնապետերին ի պատիվ տրված ճաշկերույթից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Օդանավակայանում Նորին Սրբությանը ճանապարհում էին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, Ադրբեջանի Կրոնից նախարարը եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչը:

Բաքվում գագաթնաժողովի աշխատանքներին կշարունակեն մասնակցել Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: