Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան 09.04.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան

     Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, եղբայրական այցով կմեկնի Վատիկան: 

     Ապրիլի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի Նեապոլ քաղաք, ուր կհանդիսապետի Նեապոլի Ս. Գրիգոր Լուսավորիչ մատրան վերաբացման և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված խաչքարի օրհնության արարողությունները:

     Ապրիլի 12-ին Հայոց Հայրապետը կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվելիք Ս. Պատարագին:

     Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

     Ս. Պատարագի արարողությանը կմասնակցեն նաև աշխարհասփյուռ հայոց թեմերից ժամանած ուխտավորներ` իրենց թեմակալ առաջնորդների գլխավորությամբ: