Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Եկատերինբուրգ
Հոկտեմբերի 12-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Եկատերինբուրգի հայ համայնքի հրավերով մեկնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի նորակառույց Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցի-հասարակություն բաժնի պատասխանատու Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռի Դիվանատան ընդհանուր բաժնի տնօրեն Տ. Սիփան քահանա Գրիգորյանը:
Եկատերինբուրգի օդանավակայանում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Սվերդլովյան մարզի փոխնահանգապետ Յակով Սիլինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը, Ս. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, քաղաքային իշխանությունները և հայ համայնքի ներկայացուցիչները:
Ավանդական աղ ու հացի արարողությունից և ողջույնի խոսքերից հետո Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Սվերդլովյան մարզի նահանգապետարան, ուր տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Մելս Չիլինգիրյանը:
Զրույցի ընթացքում նահանգապետ Կույվաշևը ջերմորեն ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պատմական ու պարտավորեցնող նկատեց աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգևոր առաջնորդի այցը Սվերդլովյան մարզ և մասնավորապես Եկատերինբուրգ քաղաք: Իր խոսքում նահանգապետը գնահատանքով անդրադարձավ հայ և ռուս բարեկամությանը, ինչպես նաև հայ համայնքի` մարզի կյանքի տարբեր ոլորտներում ունեցած կարևոր մասնակցությանը: Նահանգապետը շնորհավորեց Վեհափառ Հայրապետին նորակառույց եկեղեցու բացման առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կլինի հայ համայնքի հոգևոր կյանքի համար:
Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալ ոգու և ջերմ ընդունելության համար, անդրադարձավ երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամական ու եղբայրական հարաբերություններին և ներկայիս սերտ համագործակցությանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց, որ Ռուսաստանի Դաշնությունում հայ ժողովրդի զավակները կարողանում են ազատորեն կազմակերպել իրենց հոգևոր-ազգային կյանքը, իրենց կարևոր ներդրումը բերել Ռուսաստանի զորացմանն ու առաջընթացին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ի դեմս նահանգապետի իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Սվերդլովյան մարզի նահանգային և քաղաքային իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար, որի վկայություն է նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին և հայ համայնքի մշակութային արգասավոր կյանքը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև երկրամասի և քաղաքի հասարակական և հոգևոր կյանքին: