Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ախալքալաք

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ախալքալաք 15.06.2011

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի, ժամանեց Ախալքալաք:

Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների պետերին դիմավորեցին տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբյանը, Ախալքալաքի եւ Գումբուրդոյի առաջնորդ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին:

Ճաշակելով պատանիների կողմից մատուցված աղ ու հացը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Վրաց Պատրիարքը ուղեւորվեցին հայկական Ս. Խաչ եկեղեցի: Եկեղեցուն հարակից հրապարակում հավաքված հազարավոր հայորդիները դիմավորեցին իրենց Հայրապետին ազգային երաժշտությամբ, ծափողջյուններով ու բարեմաղթանքներով: Օրհնելով ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաց Պատրիարքն առաջնորդվեցին Ս. Խաչ եկեղեցի, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու բակում Ջավախք հովվապետական այցելության առիթով կանգնեցված խաչքարը:

Օծման արարողությունից հետո հրապարակում կառուցված բեմահարթակից երկու Եկեղեցիների պետերն օրհնության խոսքով դիմեցին ներկա ժողովրդին: ՙԱվելի քան մեկ դար է անցել այն օրերից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վեհափառ Հայրապետն այցելեց սրբուհի Նունեի ոտնահետքերը կրող այս օրհնյալ երկրամասը` իր Հայրապետական օրհնությունը սփռելով հայության համընդհանուր ոգեւորության ու ցնծության մթնոլորտում: Այսօր էլ Մենք երջանկությունն ունենք այցելելու Ջավախքի հավատավոր Մեր զավակներիդ եւ հայոց ոսկեղենիկ լեզվով դիմելու ձեզ, որով հայ հովիվները խոսել են Սուրբ Նունեի հետ, եւ փառաբանելու Աստծուն իր բոլոր շնորհների համար, փառաբանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ այցելել է նաեւ հայ ու վրաց ժողովուրդներին, Իր Սուրբ Ավետարանով, Իր սրբերի վկայություններով հաստատել հավատքի մեջ, զորացրել ու շնորհազարդել արարումի մեջ եւ դարերի փորձությունների մեջ խնամել ու ապրեցրել փրկության հույսով: Դիմում ենք ձեզ նաեւ Մեր երջանկահիշատակ նախորդների փոխարեն, ովքեր ցանկանալով ցանկացան այցելել Ջավախք, սակայն հանգամանքները թույլատու չեղան՚, - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙԱյսօր, դուք, սիրելի զավակներ Մեր, Վրաստանի լիիրավ եւ արժանապատիվ քաղաքացիներն եք, ազատ ու անկախ Վրաստանի, քաղաքացիներն եք հավասար պարտականություններով ու հավասար իրավունքներով: Եվ այս իրողությունը նաեւ ձեր հզորությունն է, քանզի դուք` որպես հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարեւոր հատվածն եք վրաց բազմազգ ու բազմամշակույթ հայրենիքի՚, - նշեց Նորին Սրբությունը` հորդորելով ջավախահայությանն ամուր մնալ իրենց հավատքի մեջ, ամուր պահել իրենց ընտանիքները, կենսունակ` ազգային-մշակութային հաստատությունները, լուսավոր ու պայծառ` հայ ինքնության ակունքները` դպրոցներն ու եկեղեցիները: Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Ս. Խաչ եկեղեցուն նվիրեց Ս. Աստվածամոր պատկեր, իսկ Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հայր Բաբկենի կուրծքը զարդարեց լանջախաչով` գնահատելով նրա նվիրյալ ծառայությունը:

Իր խոսքի ավարտին Իլիա Պատրիարքը եւս Ս. Գեւորգի սրբապատկեր ընծայեց եկեղեցուն:

Այնուհետեւ Համայն Վրաստանի Պատրիարքը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեցին Ս. Միքայել հրեշտակապետի վրացական եկեղեցի:

Նույն օրը երեկոյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Ախալքալաքի թիվ 2 եւ թիվ 4 դպրոցները, ուր հանդիպումներ ունեցավ ուսուցիչների հետ, ինչպես նաեւ ներկա գտնվեց այցի առիթով կազմակերպված գեղարվեստական երեկոյին: