Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց Շչորս Դավթյանին
Հուլիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգեւատրեց պետական եւ մտավորական գործիչ տիար Շչորս Դավթյանին` ի գնահատություն Հայոց Եկեղեցու եւ մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին բերած ազնիվ ծառայությունների:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Առանձնակի ուրախություն է Հայրապետիս համար անդրադառնալ մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Դուք գնահատելի աջակցություն եք բերել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, Նորավանքի եւ Սիսիանի շրջանում գտնվող վանքերի ու եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին, հետամուտ լինելով բարեպաշտ մեր ժողովրդի հոգեւոր կյանքի պայծառությանը: Եկեղեցական մեր ժառանգության հանդեպ նախանձախնդրությունը դրսեւորված է նաեւ Ձեր ստեղծագործական գործունեութեան մեջ:
Գովարժան են Ձեր ջանքերը նաեւ տաղանդաշատ բանաստեղծ Համո Սահյանի գրական վաստակի արժեւորման գործում, որը շարունակում եք աննվազ նախանձախնդրությամբ` հրատարակության պատրաստելով նրա ստեղծագործությունները եւ հեղինակելով մեծ Վարպետին նվիրված ուսումնասիրություններ»,- ասվում է հայրապետական կոնդակում:
Այնուհետեւ մեծարյալն իր շնորհակալությունը հայտնեց Հայոց Հայրապետին` բարձր գնահատանքի արժանացնելու համար:
Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձավ մեծարյալի տարիների վաստակին` բնութագրելով նրան իբրեւ հայաշունչ, ազգային ոգու տեր մի մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքում նախանձախնդիր եղավ մեր ազգային սրբությունների պահպանությանն ու վերականգնմանը:
Հանդիսությանը ներկա էին Գեւորգյանի Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Մայր Աթոռի միաբաններ, մեծարյալի հարազատները: