Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց Վլադիմիր Բայադյանին
Հոկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգեւատրեց տիար Վլադիմիր Բայադյանին (Կրասնոդար, ՌԴ)` բարձրորեն գնահատելով նրա ավանդը Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի կյանքում: Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էր Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը:
Մինչ շքանշանի հանձնումը թեմակալ առաջնորդը ներկայացրեց բարերարին, նրա ազգօգուտ եւ եկեղեցաշեն գործունեությունը, մշտական աջակցությունը թեմական եւ համայնքային տարբեր կառույցներին ու ծրագրերին` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը նվիրյալ հայորդուն: Ապա Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի կողմից ընթերցվեց Հայրապետական սրբատառ կոնդակը:
«...Տիրախնամ թեմի կազմավորումից ի վեր Դուք աջակից եք մեր եկեղեցականներին եւ Ձեր կարողություններն ի սպաս եք բերում ՌԴ հարավային շրջաններում ապրող մեր ժողովրդի զավակների ազգային ու եկեղեցական կյանքի առավել արդյունավոր կազմակերպմանը: Ձեր նվիրյալ գործերը եւ անկեղծ սրտից բխած բարեգործությունները պատմում ու վկայում են հավատավոր հայորդուդ ազգասիրության, հայրենասիրության ու եկեղեցասիրության մասին: Դուք մեծ աջակցություն եք բերել ի նպաստ Տիրախնամ թեմի Ս. Կարապետ, Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցիների կառուցման ու բարեզարդման, Կիրակնօրյա դպրոցի արդյունավոր գործունեության, հովանավորել հայ երիտասարդների կրթությունը Կրասնոդարի Բուհերում, օժանդակություն բերել բազմաթիվ խնամատար հաստատությունների ու կարիքավոր ընտանիքների:
Ձեր արդյունավոր նպաստը Ռուսաստանում հայ կյանքի առաջընթացին ծառայասիրության բարի օրինակ է մեր ժողովրդի զավակների համար: Երիտասարդ հայորդիները պիտի ներշնչվեն Ձեր բարի, ազգասեր ու եկեղեցասեր օրինակելի գործերով` շարունակելու ազգին ու Եկեղեցուն օգտակար լինելու պայծառ ավանդները, որոնք դարերով խնամվել ու պահպանվել են մեր ժողովրդի աստվածասեր հոգում», - ասվում է Հայրապետական կոնդակում:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձր գնահատելով տիար Բայադյանի մատուցած ծառայությունները մեր Սուրբ Եկեղեցուն ու հավատավոր ժողովրդին, ազգանվեր բարերարի կուրծքը զարդարեց Հայոց Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Հուզիչ այս արարողությունից հետո շնորհակալական իր խոսքն ասաց մեծարյալը` մասնավորապես նշելով. «...Սա բարձր պարգեւ է իմ համեստ ծառայության դիմաց: ...Սա պարտավորեցնում է ինձ հետայսու առավել ուշադիր լինել մեր Եկեղեցու եւ ժողովրդի կարիքների հանդեպ թե' Ռուսաստանում եւ թե' այլուր»:
Վերջում տիար Բայադյանին Հայարապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հավատավոր ու ազնիվ հոգու, ազգին եւ Եկեղեցուն մատուցած ծառայությունների համար: «Ուրախ եւ հպարտ ենք մեր զավակներով, ովքեր իրենց անձնական կյանքով բարձր են պահում մեր ազգի անունը եւ իրենց ազնիվ վաստակը ծառայեցնում են ազգի բաօրությանն ու շինությանը», - ասաց Վեհափառ Հայրապետը` մաղթելով, որ Աստուած, որ Իր Ամենախնամ Աջի ներքո պահպանի նվիրյալ հայորդուն` պարգեւելով նոր հաջողություններ նրա ծրագրերին ու բոլոր բարի գործերին: