Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններին

Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով պարգեւատրեց տեր եւ տիկին Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններին (Ֆիլադելֆիա, ԱՄՆ)` հայ ժողովրդին եւ Եկեղեցուն մատուցած օգտաշատ ծառայությունների համար:

Հանդիսության սկզբում իր սրտի խոսքն ասաց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` անդրադառնալով Մկրյան ամոլի բացառիկ կեցվածքին հանդեպ Հայոց Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը նրանց այդ բարձր պատվին արժանացնելու համար: Այնուհետեւ մեծարյալների կյանքի եւ գործունեության մասին խոսեց տիար Երվանդ Ազատյանը:

Մինչ շքանշանի հանձնումը Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը:

«Ազգօգուտ եւ եկեղեցանվեր Ձեր ծառայությունը Տիրոջ բարեխնամ օրհնության ներքո արգասավորված է բարի արդյունքներով: Ամերիկայի Հայոց Արեւելյան Թեմի եւ ի մասնավորի Ֆիլադելֆիայի Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ եկեղեցու վարչական մարմիններում ստանձնած հանձնառություններով եւ կատարած ազնիվ նվիրաբերումներով Դուք տասնյակ տարիներ ծառայում եք Միացյալ Նահանգներում բնակյալ հայորդյաց համայնքային կյանքը առավել կազմակերպված, շեն ու պայծառ դարձնելու առաքելությանը:

Ձեր վաստակը հարստացրել եք նաեւ ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կատարած ընծայաբերումներով, ՀԲԸ Միության, Թեքեյան Մշակութային Միության, Վարդանանց Ասպետների, Հայկական Համագումարի, «Արարատ» Երիտասարդաց Կենտրոնի եւ ազգային այլ կրթական ու մշակութային հաստատությունների գործունեությանց ի նպաստ բերած ազնիվ ջանքերով ու սրտաբուխ նվիրաբերություններով: Գոհունակություն է Հայրապետիս համար նաեւ, որ Դուք մշտապես ազնիվ հոգատարություն եք դրսեւորում մեր եկեղեցականաց հանդեպ` աջակցելով նրանց առողջական խնդիրների լուծմանը եւ հովվական առաքելության իրականացմանը: Ուրախությամբ ենք անդրադառնում Ձեր ինքնաբուխ հանձնառությանը` ներդրում բերելու Ջավախքում մեր Սուրբ Եկեղեցու գործունեության առավել զորացմանն ու արդյունավորմանը: Առ Աստված փառաբանական աղոթքն է Մեր հոգում, որ ազգս հայոց օրհնել է Ձեզ պես հավատավոր, ազգասեր, եկեղեցասեր ու Էջմիածնասեր զավակներով»,- ասվում է Հայրապետական կոնդակում:

Ապա Նորին Սրբությունը Հայոց Եկեղեցու բարձրագույն պարգեւը հանձնեց Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններին: Այնուհետեւ տիար Բաբկեն Մկրյանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Հայոց Հայրապետին` բարձր գնահատանքի արժանացնելու համար:

Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձավ մեծարյալների տարիների վաստակին եւ ազգային-եկեղեցական կյանքում դրսեւորվող նրանց աստվածասեր ու ծառայասեր ոգուն: Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Բարձրյալ Տերը հանապազ զորավիգ ու աջակից լինի Մկրյանների ընտանիքին` պարգեւելով քաջառողջ կյանքի բազում օրեր եւ գործոց մշտանորոգ հաջողություններ: