Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին և ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված երևանյան միջազգային 20-րդ խորհրդաժողովի մասնակիցներին

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին և ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված երևանյան միջազգային 20-րդ  խորհրդաժողովի մասնակիցներին 12.10.2015
ՀՀ Սահմանադրության 20-ամյակին նվիրված խորհրդաժողովի մասնակիցները Մայր Աթոռում


     Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին և ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի:
     Անդրադառնալով Հայ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ տիար Առուշան Հակոբյանն ընդունելության համար խորհրդաժողովի մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների այցը հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, իր գնահատանքը բերեց դատական ատյանների սպաավորներին իրենց գործունեության համար՝ ընդգծելով նրանց գործակցությունը հոգևոր սպասավորներին աշխարհում, հասարակական կյանքում արդարության և ճշմարտության հաստատման առաքելության մեջ: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև աշխարհում արդարության և ճշմարտության ամրապնդման խնդրին՝ նշելով Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման համար հայ ժողովրդի պայքարը և Ցեղասպանության 100-ամյակին ևս արդարության ու ճշմարտության հաստատման կոչը: Վեհափառ Հայրապետը շեշտեց այս մեծագույն արժեքների կարևորությունը՝ ցեղասպանությունը, նման ոճիրներն ու ահաբեկչությունները մարդկության կյանքից բացառելու, խաղաղ, ապահով ու լուսավոր գալիք կերտելու համար:
     Նորին Սրբությունը, վերստին Հայրապետական գնահատանք բերելով արդարադատության ոլորտի ներկայացուցիչներին, նրանց մաղթեց նոր հաջողություններ իրենց կարևոր ծառայության մեջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: