Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Հնդկաստան
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Հնդկաստան:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը երեք օր կհյուրընկալվի Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Քույր Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ի կողմից (Հնդկաստանի Քերալլա նահանգ):
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը կնախագահի Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնակատարությունները: Հովվապետական այցի ընթացքում Հայոց Հայրապետի ձեռամբ կվերաօծվի նաեւ Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցին, Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Տինգրայի Ս. Երրորդություն, Չինսուրահի Ս. Հովհաննես, Սեյդաբադի Ս. Աստվածածին հայկական եկեղեցիները: Կալկաթայում Հայոց Հայրապետը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց Մարդասիրական Ճեմարան:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` իբրեւ գավազանակիր, Մայր Աթոռի օտարալեզու մամուլի պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը, «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն տիկ. Մանյա Ղազարյանը եւ Մայր Աթոռի համացանցային բաժնի տնօրեն երեցկին Փոլա Դեւեջյանը: