Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ
Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վեհափառ Հայրապետը սեպտեմբեր 30-ից հոկտեմբեր 3-ը կլինի ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմում, ուր կհանդիսապետի ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի 80-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Նորին Սրբության ձեռամբ Արեւմտյան թեմում նաեւ կօծվի Փասադինայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Մայր խորանը, կկատարվի Հոլիվուդի հայ համայնքի մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Հոկտեմբեր 3-ից նոյեմբեր 2-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում: Այդ ընթացքում Վեհափառ Հայրապետը կայցելի հայկական տարբեր համայնքներ ու ծխեր, կունենա պաշտոնական ու միջեկեղեցական հանդիպումներ:
Սա Հայոց Հայրապետի երկրորդ հովվապետական այցն է ԱՄՆ Արեւելյան թեմ. առաջինը եղել է 2001 թվականին:
Այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղեկցելու են Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր: