ԱմենայնՀայոց Կաթողիկոսն ընդունեց Դամասկոսում գործող քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսների պատվիրակությանը
Իրադարձությունների տեսանյութ
Մայիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայող Կաթողիկոսն ընդունեց մեկշաբաթյա այցով Մայր Աթոռում գտնվող Դամասկոսում գործող քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների պատվիրակությանը` Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի գլխավորությամբ:Բարի գալուստ մաղթելով բարձրաստիճան հյուրերին` Նորին Սրբությունը համառոտ ներկայացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը, Մայր Աթոռի եւ առհասարակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու այժմյան հրամայականները` վերջիններիս լուծման ու եղած խոչընդոտների հաղթահարման ճանապարհին կարեւորելով եղբայրական փոխգործակցությունն ու միասնական ջանքերի ներդումը:
«Մեզ համար հաճելի է տեսնել այս ջերմ եղբայրական մթնոլորտը, որ տիրում է Ձեր` Դամասկոսում ծառայություն իրականացնող քրիստոնեական եկեղեցիների առջնորդներիդ միջեւ: Նույն ջերմությանն ու եղբայրական սիրո մթնոլորտին Մենք ականատեսն եղանք մեկ տարի առաջ` Դամասկոս Մեր հովվապետական այցի ընթացքին, Սիրիո Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ԱԼ-Ասադի հրավերով, երբ ուրախություն եւ ցնծություն էր ոչ միայն Մեր զավակաց, այլեւ Ձեր երկրի բոլոր քրիստոնյա համայնքերի համար:Ուրախ ենք մեծապես, որ այդ ջերմությունն ու եղբայրությունը Ձեզ առաջնորդել է այսօր դեպի Աստվածաշնչական մեր երկիրը` Հայաստան, դեպի Քրիստոսաէջ մեր հավատքի կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:Գեղեցիկ այս վիճակը ուսանելի առիթ ու բարի վկայություն է բոլոր քրիստոնյաների համար` աշխարհի բոլոր ծագերում, եւ առհասարակ ողջ աշխարհի համար:Լիահույս ենք, որ բարդ իրավիճակներով լեցուն այս աշխարհում, մենք պիտի կարողանանք առկա մարտահրավերներին դիմակայենք ու հրամայականների լուծման ուղիներ գտնենք մեր միասնությամբ ու համատեղ ներդրած ջանքերով ու եռանդով:
Ձեր այցի ընթացքին առիթ կունենաք աղոթելու մեր եկեղեցիներում, հաղորդ դառնալու մեր ժողովրդի սիրույն ու հավատքին առ Երկնավոր մեր Վարդապետը եւ Նրա Սուրբ Ավետարանը: Վերստին բարի գալուստ ենք մաղթում Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը պահի պահպանի ու օրհնի մեր երկու երկրներին ու ժողովուրդներին»:
Ընդունելությանը ներկա էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը: