«Ամանորյա ժպիտներ մանկատներում» ծրագիրը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ ութ պետական մանկատներում այս օրերին իրականացնում է «Ամանորյա ժպիտներ մանկատներում» ծրագիրը:
Ծրագիրն իրագործվում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի եւ «World Vision» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակներում ցուցադրվում են տիկնիկային բեմադրություններ Սուրբ Գրքի առակների սյուժեներով եւ ամանորյա ներկայացումներ: Ապա ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը մանուկներին փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Տոնական հանդիսությունից եւ ամանորյա բարեմաղթանքներից հետո մանուկներին բաշխվում են նաեւ Ս. Ծննդյան նվերներ: