Աղջիկների Դավթյան դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություն Կալկաթայում

Աղջիկների Դավթյան դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություն Կալկաթայում 07.10.2014
Աղջիկների Դավթյան դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություն Կալկաթայում

Հոկտեմբերի 6-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Աղջիկների Դավթյան դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:

Արարողությանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արա Հակոբյանը, Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, եկեղեցական վարչության անդամներ տիկ. Սյուզան Ռուբենը և պրն. Սունիլ Սոբթին, Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը և բազմաթիվ հյուրեր:

Օրհնության արարողության ավարտին ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի կատարվեց ծառատունկ: Հիշարժան այս առիթով տեղի ունեցավ ճաշկերույթ:

Նոր մասնաշենքը, որի կառուցումը կսկսվի առաջիկայում, ժամանակակից լավագույն պայմանները կապահովի Կալկաթա ուսման մեկնող հայ աշակերտուհիների համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016-2017 ուս. տարում:

Աղջիկների Դավթյան դպրոցը հիմնադրվել է 1922 թ. բարերար Դավիթ Դավթյանի կողմից: Ավելի ուշ` 1953 թ., դպրոցը միացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանին: