Աբգար եպիսկոպոսը մատուցեց իր ուխտի պատարագը
Նոյեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ուխտի Պատարագ մատուցեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:
«Նոյեմբեր 16-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի այս լույս կամարների տակ ձեռամբ ազգիս շնորհազարդ Հայրապետ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվեցինք և օծվեցինք, հոգևոր եղբայրների հետ արժանացանք եպիոկոպոսական բարձր աստիճանի: Մեր կյանքի այս հանգրվանը դարձավ օր երանության, օր խնդության և սրբազան ուխտի», - ասաց Աբգար Սրբազանն իր քարոզում:
Սրբազան Հայրը եպիսկոպոսության կանչվելու առիթով գոհություն հայտնեց Աստծուն և որդիական երախտագիտությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Աբգար եպիսկոպոսը նաև շնորհակալություն հայտնեց Գևորգյան հոգևոր ճեմարանին` իր դասախոսական ողջ կազմով, միաբան եղբայրներին իրենց աղոթակցության համար, ինչպես նաև կանադահայոց թեմի հոգևոր դասին և հավատավոր ժողովրդին իր անձի հանդեպ դրսևորած վստահության համար:
Վերջում նորաօծ եպիսկոպոսը, վերստին իր հավատարմությունը հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ, աղոթքով հայցեց, որ Տերը միշտ հաստատուն պահի Մայր Աթոռը և նրա գահակալին` պարգևելով հայոց հորը երկար և արևշատ օրեր: