ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՍՓՅՈՒՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Օգոստոսի 14-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Մայր Աթոռում անցկացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա դասընթացների փակման արարողությունը:
Տերունական աղոթքից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը, որն ամփոփ կերպով ներկայացրեց վերապատրաստման մեկամսյակի ձեռքբերումները: Հայր Սուրբը նաեւ իր գնահատանքն ու շնորհավորանքն ուղղեց սփյուռքահայ ուսուցիչներին:
ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի աշխատակից Թ. Զալինյանն իր զեկույցում ներկայացրեց ուսուցիչների որակավորման եւ վկայականների հանձնման ծրագիրը:
Ուսուցիչների անունից շնորհակալական խոսք ասաց տիկ. Սեդա Ունջյանը (Լիբանան)` անդրադառնալով Սփյուռքում հայպահպանության խնդրին:
Այնուհետեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանն ուսուցիչներին հանձնեց ավարտական վկայականները: Ուսուցիչներին նաեւ գրքեր շնորհվեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Կրթության եւ գիտության նախարարության կողմից:
Հավարտ արարողության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները ներկաներին փոխանցեց Մայր Աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը: Սրբազան Հայրն իր խոսքում կարեւորեց սփյուռքահայ ուսուցիչների դերն ու առաքելությունը Սփյուռքի երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության մեծագույն գործում: Հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով:
Փակման հանդիսությանը ասմունքով եւ երաժշտական կատարումներով հանդես եկան դասընթացների մասնակից ուսուցիչները: