ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Աստվածաշունչ մատյանը կյանքի ուղենիշ է եւ մեր կենսաձեւի հիմնաքարը: Նրանով ենք ճանաչում մեր ծագման պատմությունն ու կյանքի իմաստը: Այս Կյանքի գրքի մեջ է խտացված մարդկության ազատատենչության, ստեղծագործ ոգու եւ հավերժության բանաձեւը, այստեղից է Աստծո Սերը, առաքյալների քարոզությունը, Լուսավորչի լույս տեսիլքը, Մաշտոցի հանճարը, Վարդանի սուրը, Նարեկացու աղոթքն ու Շնորհալու երգը:
Հոկտեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես ավետարանիչների տոնը: Ազգիս Վեհափառ հայրապետի հրամանով Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Այդ թվում եւ Գուգարաց թեմի գործող բոլոր եկեղեցիներում:
Այս տարի այն աննախադեպ էր, քանի որ Պատարագի ավարտին Վանաձորի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում տեղի ունեցավ հանդիպում քաղաքի մի քանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների, ուսանողների եւ ուսուցիչների հետ, ուր կազմակերպվեց Սրբոց Գրոց ուսուցում` «Աստվածաշունչը եւ մենք» թեմայով: Բանախոսությամբ հանդես եկավ Ս. Գր. Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վահան քահանա Ազարյանը` ներկայացնելով Աստվածաշունչ մատյանի բովանդակությունը, խոսելով նրա կազմավորման անցած ճանապարհի եւ կարեւորության մասին: Հարց ու պատասխանի ընդմիջումից հետո շարունակվեց բանախոսությունը` «Աստվածաշունչը եւ հայոց մշակույթը» թեմայով, ուր հատկապես բանախոսը կարեւորեց հայ մշակույթի վրա Աստվածաշունչ մատյանի թողած բարերար ազդեցության մասին, որն ընդհանրացել է թարգմանական ու ձեռագրական արվեստի ու ճարտարապետության պսակումով:
Նմանատիպ հանդիպում-դասախոսություններ հոգեւոր հովիվների կողմից տեղի ունեցան նաեւ թեմի գործող եկեղեցիներում, մասնավորապես` Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքների եկեղեցիներում:
Հատկանշականն այն է, որ այս հանդիպումները դարձան շարունակական եւ երիտասարդներն ու պատանիներն արդեն ամիսը երկու անգամ հավաքվում են իրենց հովիվների շուրջ` ստանալով իրենց հարցերի սպառիչ պատասխանները:
Սա վերազարթոնքն է Հայոց եկեղեցու երբեմնի քարոզչական ու կազմակերպչական գործունեության, որի նպատակը Սուրբ գրոց ուսուցումն ու Աստվածաշունչ մատյանի ճշմարտությունն ու լույսն առավել ճանաչելի դարձնելն է մեր ժողովրդին, որ կենսատու է, կենսաբեր: