ԱՍԻԱԿԱՆ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ

Հոկտեմբերի 19-ից 29-ը Կալկաթայում ընթանում են Ասիական քրիստոնեական կոնֆերանսի էկումենիկ ծրագրի 2009 թ. դասընթացները «Միասին ապրել Աստծո տան մեջ» թեմայով, որին մասնակցում են Ասիական երկրների քրիստոնեական եկեղեցիների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ասիական քրիստոնեական կոնֆերանսի» հրավերով առաջին անգամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից դասընթացին մասնակցում եւ Հայոց Եկեղեցին ներկայացնում էր Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն` արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանը: Ծրագիրն ընդգրկվում էր նաեւ այցելություն եւ ծանոթություն տարածաշրջանի տարբեր եկեղեցիներին, այդ թվում նաեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի:

Հոկտեմբերի 25-ին ծրագրի ղեկավարներ` դոկտ. Հոպ Ս. Անտոնի եւ դոկտ. Լոնգչար Վատիյի գլխավորությամբ, մասնակիցները այցելեցին Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` ներկա գտնվելու Սուրբ Պատարագին եւ ավելի մոտ ծանոթանալու Հայ եկեղեցուն: Օրվա պատարագիչն էր Տեր Ավետիս քահանան: Նախքան պատարագի սկսվելը, Տեր հայրը բարի գալուստ մաղթեց հյուրերին` նշելով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նույնպես ակտիվորեն մասնակցում եւ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էկումենիկ շարժմանը, ձգտելով առավել սերտ կապեր հաստատել քրիստոնեական քույր եկեղեցիների եւ հարանվանությունների հետ: Պատարագի ավարտին հյուրերը առիթ ունեցան նաեւ զրուցելու Հայոց Մարդասիրական ճեմարանի սաների հետ եւ ծանոթանալու նրանց առօրյային: