ԱՊՀ եւ Բալթյան երկրների Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ Մոսկվայում
Հոկտեմբերի 15-ին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Պատրիարքության Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակում գումարվեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ:
Ժողովի ընթացքում քարտուղարության անդամները քննարկեցին Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի գործունեության հեռանկարները: Քննության առնվեցին մի շարք հասարակական հիմնախնդիրներ, ինչպես օրինակ` արհեստական վիժում, ինքնասպանություն, թմրամոլություն, արբեցողություն, եւ որոշվեց միջոցներ ձեռնարկել այդ երեւույթների դեմ պայքարելու համար:
Որոշում ընդունվեց նաեւ 2010 թվականին Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի ընդլայնված կազմով ժողով գումարել «Քրիստոնեական ընտանիքը` փոքր եկեղեցի եւ առողջ հասարակության հիմք» թեմայով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: