ԱՊՀ եւ Բալթյան երկրների Քրիստոնեական Միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ
Փետրվարի 4-ին, Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ եւ Բալթյան երկրների Քրիստոնեական Միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ` «Քրիստոնեական ընտանիքը` «փոքր եկեղեցի» եւ առողջ հասարակության հիմք» թեմայով: Նիստի ընթացքում քննարկման օրակարգային հարցերն էին` «Ընտանիքի քրիստոնեական ըմբռնումը, ընտանիքի կազմումն արդի պայմաններում», «Խառնամուսնություններ. քրիստոնեական Եկեղեցիների փորձառությունը» եւ «Հայրություն եւ մայրություն» թեմաները:
Նիստի բոլոր մասնակիցները միանշանակ հաստատեցին, որ քրիստոնեական բարոյականության տեսակետից անթույլատրելի են համասեռամոլությունը, ամուսնալուծությունները, արտմուսնական սեռական հարաբերությունները, աբորտները, էվթանազիան եւ այլն: Քննարկվեց նաեւ խառնամուսնությունների հարցը: Նիստի վերջում ընդունվեց ամփոփիչ փաստաթուղթ, որտեղ անդրադարձ է կատարվում ժամանակակից հասարակության մեջ տեղ գտած քրիստոնեական բարոյականության մարտահրավերներին:
Այս նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով հանդես եկավ «Խառնամուսնություններ. քրիստոնեական եկեղեցիների փորձառությունը» թեմայով զեկույցով: