ԱԼԵԿՈԾՎԵԼ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԲՌՈՒՆՑՔՎԵԼ Է ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ...
Հունվարի 23-ին բազմամարդ էր Վանաձորի կենտրոնական Տիգան Մեծի պողոտան. սգո երթի էին ելել հազարավոր լոռեցիներ` ոգեկոչելու պոլսահայ ականավոր մտավորական, ազատ խոսքի քաջամարտիկ, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը:
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տարածքից սկսված երթը դեպի Ս. Աստվածածին եկեղեցի ավելի ու ավելի էր դառնում հոծ, քանզի նրանց էին միանում դասախոսներ ու ուսանողներ, ուսուցիչներ ու դպրոցականներ, կազմակերպություններ եւ ուղղակի... հայեր: Ս. Աստվածածին եկեղեցու դարպասների մոտ նրանց դիմավորեց գուգարաց թեմի առաջնոդր Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը եւ ապա առաջնորդեց Նահատակաց պուրակում տեղակայված Եղեռնի խաչքար-կոթողի մոտ, որտեղ եւ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:
Ողջունելով լոռեցիների միասնականությունը` այսպիսի խոսքերով հավաքվածներին դիմեց թեմակալ առաջնորդ Սեպուհ սրբազանը. «Ալեկոծվել է ողջ աշխարհը, եւ բռունցվել է ողջ հայությունը մեր հայրենակից, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դավադիր ու նենգ սպանության պատճառով: Ցասումով եւ վրդովմունքով ենք խոսում այս ոճրագործ արարքի մասին, որ շարունակությունն է Հայոց Մեծ եղեռնի: Մեր 1.5 միլիոն նահատակներին ավելացավ եւս մեկը: Հրանտ Դինքն այն բացառիկ հայորդիներից էր, ով ջատագովն էր ազատ խոսքի եւ խիզախորեն արտահայտում էր ճշմարտությունը: Ավա¯ղ, «Ես երեւի թանկ կվճարեմ այս ամենի համար...» արտահայտությամբ Հրանտը մարգարեացավ, սակայն ճշմարտությունը եւ արդարությունը նոր ծիլեր տվեցին. ողջ աշխարհն այսօր ոտքի է ելել հանուն այդ ճշմարտության: Աղոթում ենք, որ բարձրյալն Աստված նրա անմեղ հոգին ընդունի Իր լույս օթեւանում` ի մխիթարություն մեզ բոլորիս»: