«Վերածնունդ» միջազգային փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելեցին Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցները` ուղեկցությամբ փառատոնի հանձնաժողովի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը: Հյուրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Տարբեր երկրներից ժամանած մշակույթի գործիչներն ուրախություն հայտնեցին համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ մեծապես տպավորված են հայկական մշակույթով և ճարտարապետությամբ:
Նաթան Սրբազանը, հյուրերին բերելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու լավագույն մաղթանքները, կարևորեց «Վերածնունդ» փառատոնի անցկացումը` մշակութային երկխոսության, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:
Սրբազանը նաև ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, ազգային ինքնության ու մշակույթի պահպանման գործում, ինչպես նաև ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցու կողմից իրականացվող հովվական աշխատանքին, մշակութային-կրթական ծրագրերին:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանոթացան Հայոց Եկեղեցու սրբություններին ու հոգևոր-մշակութային ժառանգությանը: