«Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» միությունը Բեյրութում նշեց հիմնադրման 63-ամյակը
Նոյեմբերի 20-ին, Բեյրութի ՀԲԸՄ Դեմիրճյան սրահում, մեծ հանդիսավորությամբ նշվեց «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» միության 63-ամյակը։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսությանն իր մասնակցությունը բերեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մեծի Տանն Կիլիկիո լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, Լիբանանի ազգային և բարեսիրական միությունների ու կուսակցությունների ներկայացուցիչները։
«Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» միության վարչության ատենապետուհի Անահիտ Տանձիկյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց 63- ամյա գործունեության ընթացքում միությանն աջակցություն բերած բոլոր անհատներին, կազմակերպություններին և բարերարներին։ Տիկին Տանձիկյանը նաև իր երախտագիտությունն արտահայտեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին՝ միության հանդեպ ցուցաբերած հարատև հոգածության համար։
Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ով գնահատանքով անդրադարձավ միության 63–ամյա գործունեությանը՝ գոհունակություն հայտնելով Եկեղեցուն մշտապես զորակցելու համար։
Այնուհետև կազմակերպության 65 անդամներին հանձնվեցին Մայր Աթոռի կողմից պատրաստված հուշանվերները։
Հանդիսությունը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով։