«Էթնիկ զտումներ. Արդյո՞ք միջազգային իրավունքը դեռևս արդի է» խորագրով համաժողով Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմում
Մարտի 19-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի «Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի ամենամյա դասախոսություն» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ համաժողով՝ «Էթնիկ զտումներ. Արդյո՞ք միջազգային իրավունքը դեռևս արդի է» խորագրով:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հույն Ուղղափառ եկեղեցու Բրիտանիայի թեմի առաջնորդ, Եվրոպական եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Տ․ Նիկիտաս արքեպիսկոպոս Լիուլիասը: Քննարկումները վարում էին Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը:
Բանախոսություններով հանդես եկան Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի ներկայացուցիչ` Լիվերպուլի Լորդ Ալթոնը և «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը։
Իր խոսքում Լորդ Ալթոնը, անդրադառնալով պատմական իրողություններին, խոսեց Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին և այս առնչությամբ կարևորեց միջազգային հանրության պատասխանատվությունը:
Որպես մարդու իրավունքների ջատագով և պաշտպան՝ Լորդ Ալթոնը նշեց, որ միջազգային հանրության ամնեզիայի ու անտարբերության արդյունքում ժամանակակից պատմության մեջ արձանագրվում են ցեղասպանության նոր դեպքեր։
Տիար Թաթոյանն իր բանախոսության շրջանակներում անդրադարձավ Ադրբեջանի կառավարության կողմից հայերի և Հայաստանի դեմ քարոզվող և խրախուսվող ռասիզմի վտանգավոր ազդեցությանը, ինչպես նաև Հայաստանի մի շարք սահմանամերձ գյուղերի տեսադաշտում ադրբեջանական թշնամական ռազմական ներկայության պատճառով ստեղծված ներկայիս վտանգավոր իրավիճակին։ Բանախոսն ընդգծեց, որ սահմանամերձ տարածքների բնակչությունը զրկվել է բնականոն կյանքի հնարավորությունից և անվտանգությունից, շարունակվում են Ադրբեջանի ոտնձգությունները սահմանամերձ շրջաններում, ինչը բացասականորեն է անդրադառնում իրենց ամենօրյա կյանքին:
Տիար Թաթոյանը արձանագրեց նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի զինված հարձակումների արդյունքում բռնի տեղահանված հայերը պետք է արժանապատիվ ու ապահով կերպով վերադառնան Արցախ։
«Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի ամենամյա դասախոսություն» նախաձեռնության նպատակն է բարձրաձայնելու և պաշտպանելու մերօրյա ժամանակներում էթնիկ զտումների հետևանքով տուժածների իրավունքները։ Այն իրականացվում է ի պատիվ Գրիգորիս եպիսկոպոսի (1875-1934 թթ.), ով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ականատեսն էր և 1922 թվականին եղել է Մանչեստրի ու Լոնդոնի հայկական եկեղեցիների հոգևոր հովիվը։