Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը «Կրոնական ազատություն եվ խաղաղություն» խորագրով համաժողովին:
10.09.2021
Բարձրաշնորհ Հոգևոր Հայրեր,
Մեծահարգ տիկնայք և պարոնայք,
Ուրախ ենք ողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու Հայրապետական Մեր օրհնությունը «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով այս համաժողովի անցկացման առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։
Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով։ Քրիստոնեական մտածողության համաձայն՝ ազատությունը դրսևորվում է Բարձրյալի կամքի հետ մարդկային կամքի ներդաշնակությամբ: Այս համոզումով է Պողոս առաքյալը հայտարարում. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3.17)։ Հիրավի, առանց ազատության և խաղաղության գաղափարների վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկային ազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը։
Աշխարհիկ հասկացողությամբ ազատությունը մեկնաբանվում է որպես անձի կամարտահայտման և ազատ գործելու իրավունք՝ այլոց ազատությունների հանդեպ վտանգների ու սահմանափակումների բացառումով։ Ազատության գաղափարի ըմբռնումները, ինչպիսի հիմքի վրա էլ կառուցվեն, անվիճարկելիորեն պիտի կոչված լինեն ծառայելու մարդկանց ներդաշնակ ու խաղաղ համակեցության ապահովմանը, սուրբգրային «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2.14) պատգամի իրագործմանը։ Այս իմաստով ցանկանում ենք բարձրաձայնել Մեր երջանկահիշատակ նախորդներից Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերը խաղաղության մասին. «Ամեն բանի մասին կարելի է տարակարծիք լինել և վիճել. խաղաղության հրամայականը, սակայն, վեր պետք է լինի ամեն վեճից և դառնա բոլորի համար մտածելու և գործելու գերագույն կանոն։ Մեր՝ հոգևորականներիս առաքելությունը պետք է լինի մեր հոգու բոլոր ուժերով աղոթել Աստծուն և չտկարացող եռանդով գործել՝ բարոյական ուժը առավել ու առավել հզորացնելու ուղղությամբ, որպեսզի ազգությունների ու պետությունների միջև ստեղծվեն խաղաղարար հարաբերություններ բոլոր տեսակի հարցերի լուծման ճանապարհի վրա»։ Սիրելիներ, Աստծո օրհնությունը, կյանքի առաջընթացն ու երջանկությունը, խաղաղության մեջ է։ Խաղաղության մեջ է նաև հույսը գալիքի: Քրիստոնյաներիս համար խաղաղության կոչել և խաղաղություն հաստատել նշանակում է վկայել Քրիստոսին: Մեր Տիրոջ ու Փրկչի պատգամն է` «Խաղաղութիւն արարէք ընդ միմեանս» (Մարկ. 9.49): Արդարև, առ Աստված մեր հավատի դրսևորումն են խաղաղությանն ուղղված մեր քայլերը, քանզի հավատն ինքը մարդու խաղաղության ուխտն է Աստծո հետ:
Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։ Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ու խաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առ այսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը և դրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսի գործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկական նվաճումների և միջոցների օգտագործմամբ։
Անհատի և ազգերի ազատության ու խաղաղության նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումների մարդկությունը բախվել է բազմիցս: Մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում ևս կրել է ազատության ոտնահարման և էթնիկ ատելության հետևանքները։ Մեր ժողովրդի կյանքում այդպիսի ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան 20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրությունում մեկ և կես միլիոն հայեր զոհ դարձան Ցեղասպանության, և հայ ժողովուրդը մեծագույն կորստի վիշտը կրեց՝ զրկվելով նաև իր պատմական հայրենիքից։ Մարդկության պատմության առաջին ցեղասպանության հանդեպ անտարբերությունն ու իրավական միջոցների կիրառման հապաղումը բերեցին այլ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց ցավալի հետևանքներից էին անցյալ դարի կեսերին իրագործված հոլոքոստը, 20-րդ դարավերջում՝ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և այլն։
Նման ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց: Ռազմական գործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգային ահաբեկչական խմբավորումներ, գործածվեցին ֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ նաև խաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ։ Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատեր, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար ցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգային մարդասիրական, եկեղեցական ու միջեկեղեցական բոլոր հաստատություններին և կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ։
Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունը և ավերումը, որի դրսևորումները եղան նաև պատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչպես որ 2003 թ. հիմնապես ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարեր, և տարածքը վերածվեց հրաձգարանի։ Դեռևս թարմ են հիշողությունները, թե պատերազմական գործողությունների հետևանքով վերջին տասնամյակներին ինչպիսի մշակութային կոթողների ավերածություններ տեղի ունեցան Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում։ Այս առումով խիստ անհրաժեշտ են միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։
Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Ի հավելումն նշենք, որ Մոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում։
Սիրելիներ, հայ ժողովուրդը և Հայոց Եկեղեցին դարեր ի վեր պատմական հանգամանքների բերումով և հատկապես Հայոց Ցեղասպանության հետևանքով ապրել և շարունակում են ապրել աշխարհի գրեթե բոլոր աշխարհամասերում, ամենատարբեր կրոնամշակութային միջավայրերում՝ խաղաղ համակեցությամբ բնակվելով իսլամական, բուդդիստական, հինդուիստական, հուդայական, քրիստոնեական հարանվանությունների հետ՝ լավագույն վկայությունը բերելով աշխարհում կրոնների երկխոսության և խաղաղ համակեցության։ Կրոնի ազատությունը այսօր էլ գերակա սկզբունք է: Այն ամրագրված և երաշխավորված է միջազգային հիմնարար հռչակագրերով, պայմանագրերով, ժողովրդավարական երկրների սահմանադրություններով և օրենքներով։ Կրոնական ազատության գաղափարը, սակայն, հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքի համամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։ Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ներկայիս ձևավորվում և գործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելով մարդկանց հոգևոր և հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնում ընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնական կառույցների նկատմամբ։ Այս առումով ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնական ազատության գաղափարները չարիքի պատրվակ չդառնան, այլ ծառայեն մարդկանց, հասարակությունների և ժողովուրդների բարօրությանն ու լուսավոր գալիքին, ամրապնդեն արդեն կես դարից ավելի զարգացող միջեկեղեցական եղբայրության ու համագործակցության ոգին, ծառայեն համընդհանուր քրիստոնեական վկայությանն աշխարհում։
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, առ Աստված աղոթքով վերստին Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ և ողջունում ձեր ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մաղթում ենք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները և արգասավոր քննարկումները բարի նպաստ լինեն աշխարհում ազատության և խաղաղության ամրապնդմանը։ Սուրբ Հոգու առաջնորդությունն ենք հայցում ձեզ և արդյունավոր ընթացք համաժողովի աշխատանքներին։