Էկումենիկ աղոթքի ժամանակ հոգեւոր հայրերը կոչ են արել Ադրբեջանին ազատել հայ պատանդներին

25.11.2024

Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք։ Եկեղեցական արարողությանը մասնակցել են հոգեւոր առաջորդներ, դիվանագետներ, ակտիվիստներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հիշեցրել է, որ մեր հայրենակիցները Բաքվում բանտարկված են միայն այն պատճառով, որ հայ են: Արարողության ժամանակ հնչել են Կարդինալ Վինսենտ Նիկոլսի եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսի, հոգեւոր այլ առաջնորդների ուղերձները, ինչպես նաեւ պատանդների ընտանիքների բաց նամակները։ Զորակցելով հայ ժողովրդին՝ հոգեւոր հայրերը կոչ են արել ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակել հայ պատանդներին։ Արարողության մասնակիցները նամակներ են ուղարկել հայ գերիներին՝ ծրարում դնելով ջրհեղեղի ավարտը խորհրդանշող ձիթենու ճյուղեր։