Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Ս. Էջմիածնի Մայր տաճար 4-րդ դ․

Ս. Էջմիածնի Մայր տաճար 4-րդ դ․

Ս. Էջմիածնի Մայր տաճար 4-րդ դ․

 Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը կոչվել է Վաղարշապատի Ս. Կաթողիկե, իսկ Ավագ խորանը՝ Շողակաթ Ս. Աստվածածին:

 Ագաթանգեղոսի վկայու­թյամբ՝ կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով՝ արքունի ապարանքի մոտ: Համաձայն տեսիլքի՝ Մայր տաճարի ներսում՝ գմբեթի տակ, հիմնադրվել է Իջման Ս. Սեղանը (վերակառուցվել է 1961 թ.՝ ճարտարապետներ Ա. Գալիկյանի նախագծով ու Ռ. Իսրայելյանի քանդակազարդման էսքիզներով): Ըստ ազգային ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետն այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակության պատարագ մատուցել:

 Տարբեր տեսակետների համաձայն՝ Մայր տաճարի ճարտարապետական հորինվածքը եղել է եռանավ բազիլիկ՝ ուղղանկյուն, քառամույթ գմբեթավոր, Ս. Խաչի վրա կանգնած քառասյուն ամպհովանու տեսքով, թաղածածկ դահլիճ. ի սկզբանե կառուցվել է ներկայիս հորինվածքով:

 Ըստ Ղազար Փարպեցու՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք, Վահան Մամիկոնյանի մեկենասությամբ, 483–484 թթ. հիմնովին վերակառուցել է Մայր տաճարը, որից հետո այն ստացել է հատակագծային ու ծավալատարածական իր այժմյան հիմնական տեսքը:

 Մայր տաճարի՝ խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան հայկական եկեղեցական այս հորինվածքը մեծ ավանդն է համաշխարհային քրիստոնեական ճարտարապետությանը: Ճարտարապետական այս հորինվածքը 9–11-րդ դդ. տարածվել է նաև Եվրոպայում:

 Մայր տաճարն զգալի վնասվել է արաբների, սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների արշավանքներից: Տաճարի Էջմիածին (իջավ Միածինը) անունն առաջին անգամ գործածել է 13-րդ դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս արք. Օրբելյանը:

 17-րդ դարասկզբին Պարսից շահ Աբաս Ա-ն սկզբնապես որոշել է քանդել Մայր տաճարը: Բարեբախտաբար այս չարամիտ նպատակը խոջա Նազարի ջանքերով կանխվել է, սակայն հետագայում՝ 1614 թ., Մայր տաճարից հանգու­ցային տեղերից հանվեց 15 քար, որոնք տեղափոխվեցին Պարսկաստան, որպեսզի Սպահանի մոտ Մայր տաճարի նմանողությամբ նոր տաճար կառուցվի, որպեսզի հայրենիքից տեղահանված հազա­րավոր հայերի «սրտերը կարոտ քաշելով չճմլվեն»: Հիշյալ ժամանակաշրջանում Մայր տաճարի ծածկը և գմբեթը քանդված են եղել, պատերի բազմաթիվ քարեր՝ թափված, հիմքերը՝ վնասված, տաճարը՝ կողոպտված:

 Կառույցի ներկայիս գմբեթը թվագրվում է 17-րդ դարով, որի թմբուկի 12 նիստերին մեդալիոնների ձևով քանդակված են առաքյալների դիմապատկերները (ճարտարապետության դոկտոր Ա. Ղազարյանի համոզմամբ՝ նշված քանդակները թվագրվում են ավելի վաղ), որոնց հարևանությամբ նաև համառոտ հիշատակագրություններ են պահպանվել: Ըստ ամենայնի՝ հիշատակված են վարպետների և մեկենասների անունները:

 1950-ականների պեղումների ընթացքում բացվել են 4-րդ դարի գմբեթակիր մույթերի խաչաձև խարիսխները, Ավագ խորանի տակ՝ Վանի թագավորության ժամանակաշրջանի կոթող (ներկայումս կանգնեցված է բակում՝ զանգակատան դիմաց) և նախնական խորանը՝ կենտրոնում թոնրաձև կրակարանով:

 Մինչ օրս կատարված բարենորոգչական աշխատանքներից առանձնացնենք հետևյալները. 

 4-րդ դարի երկրորդ կեսին պարսից Շապուհ Բ-ի արշավանքներից մեծապես վնասված Մայր տաճարը վերակառուցվել է Ս. Ներսես Ա Մեծ կաթողիկոսի օրոք՝ 353–373 թթ.: Աշխատանքներ են իրականացվել նաև Ս. Սահակ Ա Պարթևի օրոք՝ 387–428 թթ., իսկ 483–484 թթ. վերակառուցել է մարզպան Վահան Մամիկոնյանը՝ ճարտարապետական նոր լուծումներով և նման այսօրվա կառույցին: 615–628 թթ.՝ Կոմիտաս Ա Աղձեցու օրոք, տաճարի փայտածածկը փոխարինվել է քարով, ապա նորոգվել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 641–661 թթ.: Տևական դադարից հետո՝ 1441–1465 թթ., նորոգչական աշխատանքներ են տարվել Կիրակոս Ա Վիրապեցի և Գրիգոր Ժ Ջալալբեկյանց կաթողիկոսների օրոք: 1629–1632 թթ. «ի հիմանց» նորոգվել և նոր շինություններով է համալրվել Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի օրոք: 1632–1655 թթ.՝ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրոք, վերակառուցվել է տաճարի քարե տանիքը. սկսվել են եռահարկ զանգակատան կառուցման աշխատանքները: 1657–1658 թթ.՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք, ավարտվել է զանգակատան կառուցումը: 1681–1691 թթ. Եղիազար Ա Այնթապեցի կաթողիկոսը երեք խորանի վրա կառուցել է զանգակատուն-գմբեթներ և մարմարապատել տաճարի հատակը: 1720 թ., Աստվածատուր Ա Համադանցի (1715–1725 թթ.) կաթողիկոսի կար­գա­դրությամբ, Նաղաշ Հովնաթանն սկսել է տաճարի նկարա­զարդումը: 1726–1729 թթ.՝ Կարապետ Բ Ուլնեցի կաթողիկոսի օրոք, իրականացվել է բեմառէջքի 15 սրբապատկերների շարքը: 1770 թ. Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը վերակառուցվել է տաճարի քարե տանիքը, իսկ Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը 1789 թ. ամրացրել է տաճարի հիմքը: 1804–1813 թթ.՝ ռուս-պարսկական պատերազմի տարիներին, եկեղեցին գտնվել է անտեսված և ավերված վիճակում: 1837 թ.՝ Հովհաննես Ը Կարբեցի (1831–1842 թթ.) կաթողիկոսի օրոք, Ռուսաստանի Նիկոլայ Ա թա­գա­վորի այցի կապակցությամբ, նորոգչական փոքրածավալ աշխատանքներ են կատարվել: 1888 թ.՝ Մակար Ա Թեղուտցի (1885–1891 թթ.) կաթողիկոսի օրոք, նորացվել է տաճարի ներսույթը: 1914 թ.՝ Գևորգ Ե Սուրենյանց (1911–1930 թթ.) կաթողիկոսի օրոք, կրկին վերանորոգվել են տաճարի ներսը, զանգակատունն ու հարավային խորանը: 1945–1954 թթ.՝ Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի օրոք, տաճարը վերանորոգվել և թարմացվել է: 1955–1959 թթ.՝ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի (1955–1994 թթ.) օրոք, կատարվել են վերականգնման աշխատանքներ, հնագիտական պեղումներ Ավագ խորանի տակ, 1981–1982 թթ. նորոգվել-վերականգնվել են որմնանկարները, և նորովի հարդարվել թանգարանային հատվածը: 2001–2008 թթ.՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք, ամերիկահայ հայտնի բարերարներ Ռիչարդ և Լուիզ Մանուկյանների բարերարությամբ իրականացվել են տանիքածածկերի, ներքնամասի որմնանկարների ամբողջական թարմացում, աղոթասրահի հատակի, որմնախարիսխների, թանգարանային հատվածի, Իջման Ս. Սեղանի և կաթողիկոսների շիրմաքարերի ստորին քայքայված հատվածների վերանորոգում: 2012 թվականից մինչ օրս իրականացվում են համալիր և հիմնարար նորոգչական աշխատանքներ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2024 թվականին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]