Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ համույթի գործունեությանը՝ կարևորելով ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, ազգային ոգու զորացմանն ու ինքնության պահպանությանն ուղղված ջանքերը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սփյուռքում նման նախաձեռնությունները նպաստում են համայնքային կյանքի աշխուժացմանը և հայորդիների համախմբմանը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։