Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»։ Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը (18.23): Քրիստոսով մեր առջև բացվում է վերհառնումի, հավատով նորոգության ուղին։ Ըստ առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովահույզ աշխարհի ալեկոծություններում։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, և Փրկչի Սուրբ Ծննդյամբ լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի և ստվերների մեջ:

Կարդալ ավելին